ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ VI_ՐԴ ԴԱՍԱՐԱՆ /68 ԺԱՄ/

Դասընթացը կազմեց Աբովյան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի՝պատմության և հասարակագիտության ուսուցիչ՝ Լիլիթ Մայիլյանը

                                                                                                  

                   Դասընթացի ընդհանուր նկարագիրը                                                                

     

Հայոց պատմության հանրակրթական առարկայի գլխավոր նպատակը պատմական գիտելիքներով զինված, ազգային ինքնագիտակցությամբ օժտված, ազգային և համամարդկային արժեքներով առաջնորդվող, ազգային նկարագիր ունեցող հայ մարդու և քաղաքացու ձևավորումն է: Այս առաջնահերթ նպատակից բխում են հետևյալ հիմնական խնդիրները. - սովորողին հաղորդակից դարձնել նախորդ սերունդների ստեղծած հոգևոր-մշակութային արժեքներին, - ցույց տալ Հայաստանի և հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության տեղը և դերը համաշխարհային քաղաքակրթության մեջ, - ծանոթանալ և իմանալ սեփական ակունքները, ժողովրդի պատմական ընթացքը ժամանակի հոլովույթում, - օգնել հասկանալու պատմական իրադարձությունները, երևույթները և դասեր քաղել պատմությունից, - ցույց տալ սերունդների կապը պատմության մեջ, ինչը կնպաստի պատմական ժառանգականության ընկալմանը և պատմական փորձի յուրացմանը ու հաջորդ սերունդներին դրանց փոխանցմանը, - ամբողջացնել և համակարգել հայագիտական առարկաներից սովորողների ստացած գիտելիքները: