Սույն դասընթացը հանրամատչելի և հետաքրքիր դարձնելու համար օգտագործվել են գիտական նյութեր, արխիվային բացառիկ փաստաթղթեր և լուսանկարներ:  Դասընթացը բաղկացած է 4 ենթաթեմաներից.

1. Հայաստանի օգնության կոմիտեի ստեղծումը

2.Հայաստանի օգնության կոմիտեի մասնաճյուղերի ստեղծումը Անդրկովկասում և Պարսկաստանում 1921-1922 թթ. 

3. ՀՕԿ-ի աջակցությունը ներգաղթի կազմակերպմանը և կրթամշակութային գործունեությունը

4. ՀՕԿ-ի համագործակցությունը հայրենակցական միությունների հետ. նոր ավանների կառուցումը

Ուսուցման նպատակը և խնդիրներն են.

  • սովորողը կծանոթանա Հայաստանի օգնության կոմիտեի գործունեությանը, որի մասին պատմության դասագրքերում լուսաբանված է շատ հպանցիկ
  • սովորողը գիտելիքներ ձեռք կբերի հայ գաղթականության, հայրենադարձության, ՀՕԿ-ի կրթամշակութային գործունեության մասին
  • սովորողը կիմանա ՀՕԿ-ի և արտասահմանի հայկական հայրենակցական միությունների ջանքերով 1920-30-ական թթ. կառուցված նոր ավանների մասին
  • սովորողը կկարողանա համադրել, վերլուծել մատուցվող նյութը
  • սովորողը կկարողանա կատարել եզրահանգումներ և ստացած գիտելիքներն ու անցյալի փորձը ներդնել աշխատանքային պրակտիկայում:

Դասընթացը ներառում է նաև բառարան և գիտելիքները ստուգող թեստեր:

Նյութի բովանդակային վերլուծությունից զատ ստորև կարող եք ծանոթանալ թեմայի համառոտ ամփոփագրին.

Երկրի անմխիթար վիճակից մտահոգ մի շարք հասարակական գործիչներ, ականավոր մտավորականներ 1921թ. դիմում են ՀՍԽՀ ժողկոմխորհին` հասարակական մի կազմակերպություն ստեղծելու խնդրանքով, որը, նախևառաջ, պետք է միջոցներ հայթայթեր  սովի ու համաճարակի ճիրաններից ժողովրդին փրկելու համար: 1921թ. սեպտեմբերի 15-ին ՀՍԽՀ ժողկոմխորհն ընդունում է Հայաստանի օգնության կոմիտե (ՀՕԿստեղծելու մասին դեկրետ: ՀՕԿ-ի հիմնադիր անդամներ են դառնում 77 հոգի , որոնք պետական և հասարակական գործիչներ էին, բժիշկներ, ականավոր մտավորականներ` Մ. Աբեղյանը, Ալ. Բեկզադյանը, Դ. Դեմիրճյանը, Ա. Երզնկյանը, Հ. Թումանյանը, Ս, Կասյանը, Ռ. Մելիքյանը, Ստ. Մալխասյանը, Նար-Դոսը, Մ. Սարյանը և  ուրիշներ : ՀՕԿ-ի գլխավոր վարչության առաջին պատվավոր նախագահը հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանն էր, որը, սակայն, բնակվելով Թիֆլիսում, հնարավորություն չուներ ստանձնելու ՀՕԿ-ի անմիջական ղեկավարությունը: Դրա համար էլ  ՀՍԽՀ հողժողկոմ Ա. Երզնկյանին է վստահվում ՀՕԿ-ի անմիջական ղեկավարությունը: 

Խորհրդային իրականության պայմաններում գործելով 16 տարի (1921-1937 թթ.), իբրև ՀՍԽՀ ժողկոմխորհին առընթեր կառույց` ՀՕԿ-ը իրականացրեց և' հասարակական, և' քաղաքական գործունեություն: ՀՕԿ-ը մասնաճյուղեր բացեց աշխարհի գրեթե բոլոր հայաշատ վայրերում` խորհրդային հանրապետություններում, հարևան Պարսկաստանում, Եվրոպայի, Լատինական և Հյուսիսային Ամերիկաների զանազան քաղաքներում, Մերձավոր Արևելքում