Գրականությունն էապես առանձնանում է հանրակրթության մյուս առարկաներից միայն իրեն բնորոշ առանձնահատկություններով, ինչպես նաև անձի ձևավորման ու կրթության գործում՝ հնարավորությունների բազմազանությամբ: Այս առարկայի արդյունավետ ուսուցումը լուծում է բազմաթիվ կարևոր խնդիրներ: Կարդալով և ընկալելով, վերլուծելով ու մեկնաբանելով գրական ստեղծագործությունները՝ աշակերտները հայտնվում են մի իրավիճակում, երբ պետք է երկխոսության մեջ մտնեն ստեղծագործության, գրողի ու կերպարների հետ, պետք է հանդես բերեն բանավոր ու գրավոր խոսքի կարողություններ, վերլուծական, ստեղծագործական միտք, երևակայություն, համադրելու, հակադրելու և այլ կարողություններ: Բոլոր այս կարողությունները անհրաժեշտ են մարդուն կյանքի ընթացքում՝ անկախ մասնագիտությունից: Եվ այս ամենը ձեռք բերելու ամենաարդյունավետ ձևը գրականության դասն է, այլ խոսքով՝ կարդալը: