ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Գիտատեխնիկական հեղափոխությունը Պատմության նորագույն շրջանն իրավամբ կարելի է համարել քաղաքակրթության գիտատեխնիկական հզոր առաջընթացի դարաշրջան: Անընդհատ բնույթ ստացած այդ գործընթացի արդյունքում շարունակաբար տեղի են ունենում հասարակական կյանքի արմատական փոփոխություններ: Գիտության և տեխնիկայի նվաճումների աննախադեպ ներդրման շնորհիվ կտրուկ վերելք ապրեց տնտեսությունը, զարգացան մշակույթի բոլոր բնագավառները, ի հայտ եկան սպասարկման և հանգստի նոր ոլորտներ, էականորեն բարելավվեց մարդկանց կենսամակարդակը: Այս դարակազմիկ փոփոխությունների հիմքում ընկած էին գիտության, տեխնիկայի և արտադրության թռիչքաձև զարգացումն ու միաձուլումը: Այս գործընթացները սկիզբ էին առել դեռևս XIX դարում, սակայն գիտությունը, տեխնիկան և արտադրությունը մինչև 1930–ական թթ. հասարակական կյանքի ինքնուրույն և առանձին ոլորտներ էին: 1940–ական թթ. երկրորդ կեսին սկսվեց գիտատեխնիկական առաջընթացի նոր փուլ, որը ստացավ գիտատեխնիկական հեղափոխություն (ԳՏՀ) անվանումը: Այդպես է կոչվել, որովհետև գիտությունն ու արտադրությունը ոչ միայն թռիչքաձև զարգացան, այլև դրանց միաձուլման արդյունքում գիտությունը դարձավ արտադրողական ուժ: Եթե մինչ այդ գիտական հայտնագործությունների և նվաճումների պահից մինչև արտադրության մեջ դրանց ներդրումը տևում էր տասնյակ տարիներ, ապա այժմ այն կատարվում է շատ արագ, գյուտերը և նորույթները ներդրվում են անմիջապես: Գիտությունն աշխատում է արդյունաբերության և տնտեսության մյուս ոլորտների համար, իր հերթին տնտեսությունը նորանոր պահանջներ ու խնդիրներ է առաջադրում գիտությանը: Այս միասնացված գործընթացը նպաստում է գիտության, տեխնիկայի և արտադրության փոխկապակցված զարգացմանը: ԳՏՀ–ն շարունակվում է նաև մեր օրերում, և ընդունված է նրա պատմությունը բաժանել երկու փուլի.
1) 1940–ական թթ. երկրորդ կեսից մինչև 1960–ական թթ. ավարտը,
 2) 1970–ական թթ. մինչև մեր օրերը:

ԳՏՀ–ի առաջին փուլը

Ալեքսանդր Ֆլեմինգը ԳՏՀ–ի առաջին փուլի նվաճումներից մեկի՝ պենիցիլինի հեղինակն է:
https://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D5%AC%D5%A5%D6%84%D5%BD%D5%A1%D5%B6%D5%A4%D6%80_%D5%96%D5%AC%D5%A5%D5%B4%D5%AB%D5%B6%D5%A3


Գիտատեխնիական հեղափոխության առաջին փուլի նախադրյալները ձևավորվել էին XX դարի առաջին կեսին: Միջուկային ֆիզիկայի, քվանտային մեխանիկայի, կիբեռնետիկայի, կենսաքիմիայի, միկրոկենսաբանության, պոլիմերների քիմիայի հեղաշրջող նվաճումներին զուգահեռ արդյունաբերության մեջ գոյություն ուներ նաև համեմատաբար բարձր տեխնիկական զարգացածությամբ արտադրություն: Ձևավորվել էր նաև ճարտարագիտական ու տեխնիկական համապատասխան անձնակազմ, որը կարող էր կյանքի կոչել գիտական նորագույն հայտնագործությունները: Երկրորդ աշխարհամարտի ընթացքում գիտական շատ հայտնագործություններ կիրառում գտան ռազմական արդյունաբերության ոլորտում, ստեղծվեցին զենքի և տեխնիկայի նոր տեսակներ ու համակարգեր` ատոմային զենք, ռեակտիվ ինքնաթիռ, ռեակտիվ ականանետ, տակտիկական հրթիռներ և այլն: Գերտերությունների ռազմարդյունաբերական համալիրների զարգացումը մեծ չափով պայմանավորեց ԳՏՀ–ի առաջին փուլի ուղղվածությունը: Քաղաքակրթության առաջընթացն այս փուլում արձանագրեց հետևյալ նվաճումները գիտության և արտադրության ոլորտներում.
• 1940–ական թթ.` հեռուստատեսություն, տրանզիստոր, ռադար, ատոմային ռումբ, արհեստական թելեր, պենիցիլին,
• 1950–ական թթ.` ջրածնային զենք, ատոմային էներգառեակտոր, ուղևորատար ռեակտիվ ինքնաթիռ, էլեկտրոնային հաշվիչ մեքենա, Երկիր մոլորակի արհեստական արբանյակ, միասնացված սխեմա,
• 1960–ական թթ.` լազերային սարքավորումներ, կապի տիեզերական արբանյակ, արագընթաց գնացքներ: Առաջին փուլի կարևոր արդյունքներից էր ատոմային էներգիայի օգտագործումը: Ստեղծվեցին առաջին ատոմային էլեկտրակայանները: Զարգացավ նաև քվանտային էլեկտրոնիկան, որը հնարավորություն տվեց հիմնելու լազերային տեխնիկայի արտադրությունը: Հատկապես մեծ էին առաջին փուլի արդյունքները տնտեսության ամենատարբեր բնագավառներում: Առաջացան արդյունաբերության  նոր ճյուղեր` ավիատիեզերական, ռադիոհեռուստատեսային, ռոբոտատեխնիկական: Ստեղծվեցին արտադրության և դրա կառավարման ինքնահոս գծեր ու համակարգեր, արագ զարգացավ արհեստական (սինթետիկ) նյութերի արտադրությունը: Իսկական հեղաշրջում կատարվեց գյուղատնտեսության ոլորտում` քիմիական պարարտանյութերի լայնորեն կիրառումը շեշտակիորեն բարձրացրեց գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունը: Հիրավի առաջին փուլի խոշորագույն նվաճումը տիեզերքի յուրացման գործընթացի սկիզբն էր: 1957 թ. ԽՍՀՄ–ը տիեզերք ուղարկեց Երկրի առաջին արհեստական արբանյակը, իսկ 1961 թ. տիեզերք թռավ աշխարհում առաջին տիեզերագնացը` Յուրի Գագարինը: Երկու գերտերությունների միջև տիեզերքի յուրացման ուղղությամբ ծավալված մրցակցության ընթացքում հաջորդ խոշոր նվաճմանը հասավ ԱՄՆ–ը: 1969 թ. Լուսնի վրա առաջինը իջան ամերիկացի երեք տիեզերագնացներ: Այնուհետև ամերիկացիները ստեղծեցին բազմակի օգտագործման տիեզերանավեր: Տիեզերքը դարձավ ոչ միայն գիտական մեծ նվաճումների ներդրման, այլև սպառազինությունների մրցավազքի ասպարեզ: Գերտերությունները հսկայական միջոցներ էին հատկացնում իրենց երկրների ռազմարդյունաբերական համալիրների զարգացմանը: Այս ժամանակաշրջանում կտրուկ աճեց գիտության դերը հասարակության մեջ, մեծացավ գիտնականների թիվը և հեղինակությունը: Առաջատար պետությունները հսկայական միջոցներ էին ներդնում գիտության ոլորտում, լավագույն պայմաններ էին ստեղծում գիտական հետազոտությունների համար: Գիտության և արտադրության միաձուլումը, սակայն, տվեց երկակի արդյունք: Մի կողմից` հնարավորություն ստեղծվեց գիտական նոր գաղափարներն արագորեն արտադրության մեջ ներդնելու համար, մյուս կողմից` գիտությունը, որ պահվում էր առավելապես պետական միջոցների հաշվին, սկսեց կորցնել իր ինքնուրույնությունը և ենթարկվել պետական իշխանության շահերին: Հաճախ ԳՏՀ–ի նվաճումներն սկսեցին օգտագործվել ռազմական նպատակներով, կիրառվել պատերազմական գործողությունների ժամանակ: Աստիճանաբար սրվեցին էկոլոգիական հիմնախնդիրները` շրջակա միջավայրի աղտոտում, բույսերի և կենդանիների որոշ տեսակների անհետացում, բնական պաշարների կրճատում և այլն:

ԳՏՀ–ի երկրորդ փուլը
 

Արևային էներգիայի մարտկոցներ արդեն կարելի է տեսնել բազմաթիվ առանձնատների տանիքներին:
https://solaron.am/global-information/page/3/


Գիտատեխնիկական հեղափոխության երկրորդ փուլի սկիզբ է համարվում էլեկտրոնային հաշվիչ մեքենաների չորրորդ սերնդի ստեղծումն ու ներդրումը տնտեսության մեջ: Դրա հիման վրա ավարտին հասցվեց տնտեսության բոլոր ճյուղերի համալիր ավտոմատացումը, սկսվեց անցումը որակապես նոր տեխնոլոգիաների կիրառմանը արտադրության և սպասարկման ոլորտներում: Այս փուլը բնութագրող նվաճումներից են. • 1970–ական թթ.՝ միկրոպրոցեսորը, անհատական համակարգիչը, արդյունաբերական ռոբոտը, կենսատեխնոլոգիաները, • 1980–ական թթ.՝ գերմեծածավալ միասնացված սխեմաները, բջջային հեռախոսը, գերամուր կերամիկան, հինգերորդ սերնդի համակարգիչները, գենային ինժեներիան, ջերմամիջուկային սինթեզը, • 1990–2010 թթ.՝ համացանցը, կլոնավորումը, քվանտային համակարգիչը և այլն: Գիտատեխնիկական առաջընթացի այս դրսևորումն անվանում են նաև տեղեկատվական կամ հեռահաղորդակցական հեղափոխություն: Արտադրության ոլորտից աստիճանաբար դուրս մղվեց ձեռքի աշխատանքը, մասնագետը դարձավ արտադրական և մյուս գործողությունների կարգավորողն ու վերահսկողը: Ստեղծվեցին ծրագրավորված արտադրություններ, ավտոմատացված նախագծային համակարգեր: Տեղեկատվության ավտոմատացումը հաստատուն տեղ է գրավել նաև կառավարման, ֆինանսական և մյուս ոլորտներում: Ժամանակակից արդյունաբերության մեջ գնալով մեծանում է արհեստական նյութերի օգտագործումը, դրանք փոխարինում են ավանդական հումքատեսակին` երկաթին և այլ մետաղների: Յուրացվում են նոր տեխնոլոգիաներ, որոնք ծախսատար չեն և արագացնում են արտադրանքի ստեղծումը: Միկրոէլեկտրոնիկայի զարգացումը հնարավորություն է տալիս փոք­ 11 րացնելու սարքավորումների չափերը, նվազեցնելու էներգիայի ծախսը և իջեցնելու ապրանքների ինքնարժեքը: Գյուղատնտեսության ոլորտում աստիճանաբար կարևորվում է և սկսվել է էկոլոգիապես մաքուր մթերքների արտադրությունը: ժամանակի ընթացքում կկրճատվի քիմիական պարարտանյութերի կիրառումը, սակայն գնալով պարենային հիմնախնդիրն ավելի է անհանգստացնում մարդկությանը: Սկսվել է տիեզերքի արդյունաբերական նպատակներով յուրացման և օգտագործման գործընթացը: Այսօր արդեն անհնար է պատկերացնել կապի արդի համակարգերի աշխատանքն առանց ԱՄՆ–ի, Ռուսաստանի և մյուս երկրների կողմից տիեզերական մասնագիտացված արբանյակների կիրառման: Հասարակության կենսագործունեության մեջ հիրավի հեղաշրջող դեր խաղաց համակարգչային տեխնիկան: Սկսվեց համակարգիչների զանգվածային արտադրությունը, դրանց չափերը գնալով ավելի են փոքրանում և հարմարավետ դառնում օգտագործման համար: Այսօր արդեն անհատական համակարգիչները մուտք են գործել աշխատանքի, արտադրության, առևտրի, ծառայությունների ոլորտ, ինչպես նաև հաստատուն տեղ են գրավել մարդկանց կենցաղում: Երկրորդ փուլի հաջողությունները հսկայական են, արդի փուլը հաճախ անվանում են բարձր տեխնոլոգիաների դարաշրջան: Ժամանակակից գիտությունը ձգտում է տիրելու էներգիայի ստացման նոր աղբյուրների` արեգակնային, քամու և այլն: Սակայն էներգետիկական հիմնախնդրի լուծումը հեռավոր ապագայի գործ է:

ԳՏՀ–ի սոցիալական հետևանքները

Գիտատեխնիկական հեղափոխությունը համընդգրկուն երևույթ է և որոշիչ ազդեցություն է թողնում հասարակական կյանքի բոլոր ոլորտների վրա` տնտեսություն, քաղաքականություն, մարդկանց աշխատանքային պայմաններ և կենցաղ, հոգևոր մշակույթ, գաղափարախոսություն, հոգեբանություն: Այն վերափոխել է և շարունակում է վերափոխել արդի հասարակությունը: Սոցիալական ծախսերի ավելացումը և աշխատավարձերի բարձրացումը հանգեցրին նրան, որ մարդիկ դարձան զանգվածային արտադրության ապրանքների սպառողներ: Մարդկանց կենսակերպի անբաժան ուղեկիցը դարձան ավտոմեքենան, սեփական բնակարանը, սառնարանը, հեռուստացույցը, հեռախոսակապը, սպասարկման և ծառայությունների անսպառ ոլորտը: Արևմտյան Եվրոպայում գրեթե վերացավ կամ նվազագույն մակարդակի հասավ գործազրկությունը: Արդի արտադրական գործընթացներում անհամեմատ աճել է մարդկային գործոնի դերը: Այդ հանգամանքը հանգեցրեց աշխատող ուժի կրթական և մասնագիտական մակարդակի կտրուկ բարձրացման, աճեց մտավոր աշխատուժի պահանջարկը: Մտավոր աշխատանքով զբաղվողները կազմեցին հասարակական մի ստվար զանգված: Քաղաքային բնակչության արագ աճի պայմաններում արագորեն մեծացավ նաև ծառայությունների ու առևտրի ոլորտներում զբաղվածների թիվը: Նրանք այժմ ավելի շատ են, քան արդյունաբերության և տրանսպորտի ոլորտներում աշխատողները: Թվարկված սոցիալական շերտերը միասին ձևավորում են, այսպես կոչված, միջին խավը, որն արդի զարգացած հասարակություններում կազմում է բնակչության երկու երրորդից ավելին: Միջին խավի հասարակական դերի շարունակական աճը փոփոխության ենթարկեց արդյունաբերական հասարակության նաև սոցիալական կառուցվածքը: Բանվոր դասակարգն այսօր զարգացած երկրներում այլևս մեծամասնություն չի կազմում: Բուրժուազիայի և պրոլետարիատի միջև ընթացող դասակարգային դիմակայությամբ բնութագրվող նախորդ` արդյունաբերական հասարակությունը վերափոխվել է բազմաշերտ կառուցվածք ունեցող նոր հասարակության: