Սիրելի ՛ սովորողներ, 9–րդ դասարանում ուսումնասիրելու եք հայոց պատմության վերջին փուլը՝ Նորագույն շրջանը, որն  ընդգրկում է Հայաստանի առաջին, երկրորդ (Խորհրդային Հայաստանի) և երրորդ Հանրապետությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատմությունը`   հասնելով մինչև մեր օրերը:

Հայ ժողովուրդն ապրել է հզորության ժամանակներ, ենթարկվել այլևայլ փորձությունների և`   տոկալով դարերի արհավիրքներին, հասել է XXI դար`   մեծ զոհողությունների գնով վերականգնելով իր անկախությունը`   ի դեմս Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության: Սակայն նրա հարևանությամբ ապրող շատ ժողովուրդներ, որոնք անգամ կայսրություններ են հիմնել, չեն դիմացել պատմության փորձություններին և ընդմիշտ անհետացել են պատմության թատերաբեմից: Այնքան ամրակուռ էր կերտվել հայ ժողովուրդը, այնքան հարուստ էր նրա մշակույթը և այնքան հզոր էր նրա ազգային գիտակցությունը, որ նա համառ պայքարի շնորհիվ ոչ միայն գոյատևեց, այլև, վերականգնելով իր քաղաքական անկախությունը, իր արժանավոր տեղն զբաղեցրեց աշխարհի ժողովուրդների ընտանիքում: Ուստի բնավ էլ պատահական չէ, որ ազատագրական պայքարը եղել է Հայոց պատմության մշտական ուղեկիցը`   անկախությունը կորցրած ժամանակաշրջաններում, իսկ հայոց հոգևոր և նյութական մշակույթը լեցուն է ազատագրական պայքարն արտացոլող գործերով: Տակավին վերջերս հայ ժողովրդի հերոսական պայքարի և նրա զավակների արյան գնով ազատություն ձեռք բերեց արցախահայությունը, որը մեր ժողովրդի դարավոր մաքառումների ու պայքարի մերօրյա դրսևորումն էր: Անմահ է այն ժողովուրդը, որի զավակները հանուն իրենց Հայրենիքի ազատության պատրաստ են արյուն թափել և իրենց կյանքը զոհաբերել: