Հարմարվողականությունը կամ  ադապտացիան (հին լատիներենի "adaptatio"` «հարմարվել, հարմարեցնել», լատ.՝ adapto` «հարմարեցնում եմ» բառից), միջավայրի պայմաններին օրգանիզմների (անհատների, պոպուլյացիաների ու տեսակների) և նրանց օրգանների կառուցվածքի ու գործունեության հարմարվելու պրոցես է։

  Յուրաքանչյուր հարմարվողականություն հարմարվողական պրոցեսի (ադապտացիոգենեզի) կոնկրետ պատմական փուլ է, որն ընթանում է որոշակի ապրելավայրերում (բիոտոպ) և համապատասխանում է բույսերի ու կենդանիների որոշակի համախմբերին (բիոցենոզ)։ Հարմարվողականության երևույթը կենսաբաններին հայտնի է եղել վաղուց։ 18-րդ դարում  դեիստները  հարմարվողականությունը համարում էին նախասկզբնական  նպատակահարմարության  առկայություն կենդանի բնության մեջ, որը ժխտում էր երևույթների պատճառական կապը։ Այս տեսակետը 19-րդ դարի 2-րդ կեսին հերքվեց Չարլզ Դարվինի էվոլյուցիոն ուսմունքով։