Մաշտոց

Մեսրոպ Մաշտոց

Մեսրոպ Մաշտոցը հայոց գրերի ստեղծողն է, հայերեն ինքնուրույն և թարգմանական գրականության սկզբնավորողը, հայ գրչության ու հայագիր դպրոցի հիմնադիրը, հայերենի առաջին ուսուցիչը:

Ծնվել է Վարդան անունով կիսաազնվականի ընտանիքում: Ստացել է հունական հիմնավոր կրթություն, տիրապետել է նաև ասորերենին, պարսկերենին, վրացերենին: Մոտ 389 թ. հաստատվել է Վաղարշապատում, պաշտոնավարել արքունիքում՝ որպես ատենադպիր ու թարգմանիչ, այնուհետև նվիրվել ռազմական գործին: 394 թ. դարձել է վանական, իր աշակերտների ուղեկցությամբ կատարել է քարոզչական շրջագայություններ տարբեր գավառներում, տարածել քրիստոնեական վարդապետությունը, Աստվածաշունչը բանավոր թարգմանել է հայերեն՝ հասկանալի դարձնելու համար:

Այդ առաքելության ընթացքում նա լրջորեն մտահոգվել է երկրի վիճակով, գիտակցել լեզվի, եկեղեցու, դպրոցի, ավանդույթների և մշակույթի կարևորությունը ժողովրդի ինքնության պահպանման համար. Հայաստանի պարսկական հատվածում (387 թ. Հայաստանը բաժանվել էր Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև) հետզհետե ուժեղանում էր պարսկերենի ազդեցությունը, իսկ բյուզանդական մասում հունարենը դարձել էր պետական լեզու: Հայ ժողովրդին ձուլման վտանգից փրկելու նպատակով Մաշտոցը կազմել է հրատապ ծրագիր՝ հայերեն թարգմանել քրիստոնեական գրքերը, քարոզչությունն ու արարողություններն անել հայերենով, ստեղծել ինքնուրույն հայերեն գրականություն, ամրացնել երկրի՝ 2 մասի բաժանված հատվածների հոգևոր, լեզվական և մշակութային միասնությունը, որը քաղաքական միասնության հիմք պիտի դառնար երկրի պետական անկախությունը վերականգնելու հնարավորության դեպքում: