Հայոց պատմություն, 12-րդ դասարան, Գլուխ 2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, դաս 1. Անկախության հռչակումը: Արցախյան ազատագրական պատերազմը

Դասի նպատակները.  ուսուցիչ

  • ·         Դասավանդել ԼՂՀ անկախության հռչակման և պետականության ձևավորման նախադրյալները, ընթացքը, հետևանքները:
  • ·         Ներկայացնել  Արցախյան ազատագրական պատերազմի սկիզբն ու ծավալումը:
  • ·         Ներկայացնել Արցախյան ազատամարտի հերոսներին և նրանց սխրանքները:
  • ·         Կարևորել Արցախյան պատերազմի նշանակությունը Հայաստանի Հանրապետության և հայ ազգի համար. Մեկդարյա տարածքային կորուստներից հետո հայությունը սկսեց վերականգնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

Դասի վերջնարդյունքները.  Աշակերտ

1.       Մաս 1. Անկախության հռչակումը և  պետականության  ձևավորումը : 

Օգտվելով ԽՍՀՄ  ղեկավարության բացարձակ աջակցությունից՝ ադրբեջանական իշխանությունները շարունակում էին զավթել հայկական գյուղերը և բնակիչներին արտաքսել իրենց բուն հայրենիքից: 1991թ. ապրիլ-մայիս ամիսներին ադրբեջանական միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները  խորհրդային ռուսական բանակի աջակցությամբ բացահայտ պատերազմ սկսեցին Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի հայ բնակչության դեմ: 1991թ. մայիսից Ադրբեջանի կողմից հրահրվեց ղարաբաղա-ադրբեջանական պատերազմ: 1992թ. փետրվարին ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը համախմբվեցին մեկ միասնական հրամանատարության ներքո: Այդ ուժերի հրամանատար նշանակվեց գնդապետ Արկադի Տեր-Թադևոսյանը: 1991թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանի ԳԽ ընդունեց անկախության վերականգնման մասին հռչակագիր: 1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը ընդունեց Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին: Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ անկախության հանրաքվե, որին մասնակցեց ԼՂԻմ-ի բնակչության 80 %-ը, իսկ քվեարկողների 99%-ից ավելին ձայն տվեց անկախության օգտին: 1991թ. դեկտեմբերի 28-ին տեղի ունեցան բարձրագույն օրենսդիր մարմնի՝ ԼՂՀ  Գերագույն խորհրդի  պատգամավորների ընտրություններ: Հետագայում ԼՂՀ-ում մտցվեց նախագահական կառավարում:

տեսաֆիլմ. ԼՂՀ անկախության հռչակագիրը  


ՀԱՐՑԵՐ ԻՆՔՆԱՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՄԱՐ.

  1. Երբ է տեղի ունեցել Օղակ գործողությունը և որ գյուղերը պետք է հայաթափվեին այդ գործողությամբ: 
  2. Երբ է Ադրբեջանի կողմից հրահրվել ղարաբաղա-ադրբեջանական պատերազմ: 
  3. Ով էր նշանակվել ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի հրամանատար. 
  4. Երբ է ընդունվել Ադրբեջանի անկախության հռչակագիրը.
  5. Երբ է ընդունվել ԼՂՀ հռչակագիրը:
  6. Երբ է անցկացվել անկախության հանրաքվեն.
  7. Ով էր ԼՂՀ առաջին նախագահը:                                                                                                                Մաս 2. Արցախյան ազատագրական պատերազմի ծավալումը:

Մարտերի բովում է կազմավորվել ԼՂՀ բանակը: Բանակի իրականացրած առաջին ռազմավարական խնդիրը  Ստեփանակերտը շրջապատող կրակակետերի վերացումն էր: 

Հայ մարտիկները 1992թ. հունվարի 19-20-ը լիովին ազատագրեցին Կրկժանը: 1992թ. հունվարի 25-ի լույս 26-ի գիշերը  թեժ մարտեր տեղի ունեցան Քարինտակի մատույցներում: Ստեփանակերտի համար ամենավտանգավորը Խոջալուն էր, որը փակում էր  Ստեփանակերտ-Ասկերան  մայրուղին: Փետրվարի  25-ի լույս 26-ի գիշերը հայկական ջոկատները Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ լռեցրին Խոջալուի կրակակետերը:

 ՀԱՐՑԵՐ ԻՆՔՆԱՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՄԱՐ

1.       Երբ ազատագրվեց Կրկժանը

2.       Երբ են տեղի ունեցել Քարինտակի մարտերը:

3.       Որն էր Խոջալուի ազատագրման նշանակությունը

4.       Ով էր Խոջալուի ազատագրման ուղղության հրամանատարը:

 

     Մաս 3. Շուշիի   եւ  Լաչինի ազատագրումը

1992թ. մայիսի սկզբին ԼՂՀ մայրաքաղաքում   և այլ բնակավայրերում օրհասական դրություն էր: Ստեփանակերտի և հարակից բնակավայրերի անվտանգության ապահովման համար Շուշին պետք է ազատագրվեր: Մեծ դեր ուներ ոգու ուժը: Ամբողջ հայ ժողովուրդը պատրաստ էր ազատագրելու հայոց հինավուրց մայրաքաղաքը: 1992թ. մայիսի 4-ին որոշվեց իրագործել Շուշիի գրավման  ՙՙՀարսանիք լեռներում՚՚ գործողությունը: Ռազմական գործողությունները ղեկավարում էր գնդապետ Ա.Տեր-Թադևոսյանը, նրա կողքին էին Գ.Դալիբալթայանը, շտաբի պետ Ֆ.Գզօղլյանը:

Թշնամին ուներ 2300 զինյալ, իսկ գրոհող հայկական ուժերի թիվը հասնում էր 1700-ի: Մայիսի 8-ի գիշերը՝ 2 անց 30-ին հրետանային կրակի ներքո բոլոր չորս ուղղություններով սկսվեց ընդհանուր գրոհը: Առավոտյան 6-անց 30-ին վիրավոր Աշոտ Ղուլյանը Ա.Տեր-Թադևոսյանին հաղորդեց, որ նստած է Շուշիի բերդի պատին և շուտով կմտնի քաղաք: Հայ ազատամարտիկներն ազատագրեցին քաղաքի կենտրոնը, թշնամին խուճապահար դիմեց փախուստի՝ տալով 300 զոհ, 600-700 վիրավոր, 13 գերի: ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի առջև խնդիր դրվեց մի քանի օրվա ընթացքում բացելու կենսական հույժ կարևորություն ունեցող Շուշի-Լաչին-Գորիս ճանապարհը: Մայիսի 18-ին հայ մարտիկները մտան Լաչին: Բացվեց կյանքի ճանապարհը, և Արցախը հավերժ կապվեց մայր հայրենիքին:

 

ՀԱՐՑԵՐ ԻՆՔՆԱՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՄԱՐ

1.     Ինչու էր կարևոր Շուշիի ազատագրումը:

2.    Երբ որոշվեց ազատագրել Շուշին, ինչպես էր կոչվում ռազմագործողությունը:

3.    Երբ ազատագրվեց Շուշին, որն էր դրա պատմական նշանակությունը:

4.    Երբ է ազատագրվել Լաչինը, որն էր դրա պատմական նշանակությունը:

5.    Ով էր Շուշիի ազատագրման  ռազմագործողության հրամանատարը:


       Մաս 4. Պատերազմի հետագա ընթացքը

1992թ. ամռանը ադրբեջանական  բանակը  լայնածավալ  հարձակում  սկսեց ԼՂՀ հյուսիսային մասում  և գրավեց  Շահումյանի շրջանն  ու Մարտակերտի շրջանի միա մասը: 1992թ. ամռանը ռազմական դրություն հայտարարվեց ԼՂՀ ողջ տարածքում: Օգոստոսի 15-ին ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտե՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ: 1993թ. ապրիլին հայկական զորքերն ազատագրեցին ռազմավարական նշանակություն ունեցող Քարվաճառի շրջանը: 1993թ. առաջին կիսամյակի մարտական գործողությունների եզրափակիչ  փուլը Մարտակերտ քաղաքի ազատագրումն էր՝ հունիսի 28: 1993թ. հուլիսի  23-ին հայկական ուժերին հաջողվեց թշնամուն պարտության մատնել Աղդամի մոտ: Աղդամի խմբավորման ջախջախումից հետո թշնամին  ուժ ու միջոցներ կուտակեց Ֆիզուլիի և Ջաբրաիլի շրջաններում: Հակահարձակման անցնելով ՝ ԼՂՀ ԻՊՈՒ ստորաբաժանումները ջախջախեցին թշնամուն  և ազատագրեցին  օգոստոսի 22-ին Ֆիզուլին, օգոստոսի 23-ին Ջաբրաիլը, օգոստոսի 31-ին Կուբաթլին, հոկտեմբերի 24-ին՝ Հորադիզը, նոյեմբերի 1-ին Զանգելանը: 1993թ. դեկտեմբերի կեսերին իշխանության եկած Հ.Ալիևը լայնածավալ հարձակում սկսեց ռազմաճակատի ամբողջ երկայնքով, սակայն բանակը համառ մարտերի ընթացքում չկարողացավ որևէ հաջողության հասնել:

1994թ. փետրվարի 18-ին Քելբաջարի  շրջանի հյուսիսային մասի և Օմարի բարձրադիր լեռնանցքի ազատագրումով  ապահովվեց Մարտակերտի շրջանում ազատագրական մարտեր մղող պաշտպանական ուժերի թիկունքը: 1994թ. մայիսի 12-ի համաձայնագրով հրադադար հաստատվեց: Ներկայումս ԼՂՀ-ի տարածքը  12000 քառ. կմ է, որն ամրագրված է ԼՂՀ սահմանադրությամբ:  Ցավոք, պատերազմի ընթացքում հայկական կողմն ունեցավ նաև տարածքային կորուստներ: Մինչ օրս ադրբեջանական օկուպացիայի տակ են գտնվում  ԼՂՀ Շահումյանի շրջանը՝  600 քառ. կմ, Մարտակերտի ու Մարտունու շրջանների որոշ տարածքներ, դաշտային Արցախի մի մասը և Արծվաշենը:

 

ՀԱՐՑԵՐ ԻՆՔՆԱՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՄԱՐ

1.       Երբ է Ադրբեջանը լայնածավալ հարձակում ձեռնարկել ԼՂՀ -ի վրա:

2.       Երբ է ստեղծվել պաշտպանության պետական կոմիտեն:

3.       Երբ է ազատագրվել Մարտակերտը, Աղդամը, Ֆիզուլին, Ջաբրաիլը, Կուբաթլին, Զանգելանը, Հորադիզը, Օմարի լեռնանցքը:

4.       Երբ կնքվել զինադադար և ում միջնորդությամբ:

5.       Որքան է կազմում  ԼՂՀ տարածքը:

 

     Մաս 5. Սփյուռքահայության մասնակցությունը  Արցախյան պատերազմին

Արցախյան ազատագրական պատերազմին անմասն չմնաց սփյուռքահայությունը: Նրանց օգնությունը դրսևորվեց ռազմական, տնտեսական ու բարոյական բնագավառներում: Սփյուռքահայ քաջերի մի մասը՝ Վիգեն Զաքարյանը, Մհեր Ջուլհաճյանը, Մոնթե Մելքոնյանը, Կարո Քահքեջյանը  զոհվեցին: Կարո Քահքեջյանի նախաձեռնությամբ 1992թ. մայիսին կազմավորվեց խաչակիրների ջոկատը, որը հաղթական մարտեր մղեց  Դրմբոնում, Քելբաջարում, Ասկերանի և Մարտակերտի շրջաններում: Հայ ազատամարտի նվիրյալ ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը 1990թ. հոկտեմբերից զինվորագրվել է Արցախի պաշտպանությանը, 1991թ. սկզբին ստեղծել է ՙՙհայրենասիրական՚՚ ջոկատը: Մոնթեն մասնակցել է ՀՀ Իջևանի, Ճամբարակի, ԼՂՀ Շահումյանի, Մարտակերտի, Մարտունու, Քարվաճառի շրջանների ինքնապաշտպանությանը և ազատագրական պայքարին: 1993թ. հունիսի 12-ին զոհվել է Մարզիլու գյուղում: Շուշիի առանձնակի գումարտակը միավորում էր Հայաստանից, Արցախից ու Սփյուռքի տարբեր օջախներից եկած հայորդիների: Այսպիսով ՝ հայ ժողովուրդն իր միասնության և աննկուն ոգու շնորհիվ իրեն պարտադրված պատերազմից հաղթականորեն դուրս եկավ  և ազգային երկրորդ պետությունը ստեղծեց Հայաստանի ազատագրված հատվածում:

 

ՀԱՐՑԵՐ ԻՆՔՆԱՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՄԱՐ. 

1.    Թվարկեք Արցախյան պատերազմին մասնակցած սփյուռքահայ հերոսներին:

2.    Ով է ստեղծել ՙՙխաչակիրներ՚՚  ջոկատը:

3.    Երբ և որ մարտերում է զոհվել Կարո Քահքեջյանը:

4.    Ով է ստեղծել ՙՙհայրենասիրական՚՚  ջոկատը:

5.    Երբ է զոհվել Մոնթե Մելքոնյանը:

6.    Որն է Արցախյան ազատագրական պատերազմի նշանակությունը:

7.    Ինչ հետևանքներ ունեցավ այն հայ ազգի համար:

8.    Ինչպես եք պատկերացնում ՀՀ և ԼՂՀ ապագան: