Դասի թեման` Գոյականի հոլովումները

Դասի նպատակը` դասընթացի նպատակն է  հնարավորինս մատչելի ներկայացնել <<Գոյականի հոլովումները>> թեման, խորացնել ու ամրապնդել սովորողների գիտելիքները:

Դասի ընթացքը`  Ուսուցիչը ստուգում է տնային առաջադրանքները: Ամփոփում են նախորդ դասին անցած նյութը: Այնուհետև ուսուցիչը հարցերի միջոցով փորձում է պարզել աշակերտների գիտելիքները գոյականի հոլովումների վերաբերյալ: Օրինակ` Իˆնչ է հոլովումը կամ թեքումը: Ոˆր հոլովից է բառը թեքվում: Իˆնչ  կերպ է այն տեղի ունենում: Քանիˆ տեսակ են լինում: 

Ուսուցչի օգնությամբ աշակերտները պատասխանում են հարցերին և լսում նրա դասախոսությունը գոյականի հոլովումների մասին: 

Դասի տեսական մասը ավելի պատկերավոր, տեսանելի, հասկանալի և արդյունավետ լինելու համար ուսուցչուհին այն նկարագրում և բացատրում է նախօրոք պատրաստված տեսասահիկների միջոցով, որոնք բերված են ստորև:

Գոյականների կրած փոփոխությունները հոլովների միջոցով կոչվում է հոլովում: 

Բառերը թեքվում կամ փոփոխության են ենթարկվում սեռական հոլովից: 

Հոլովումը լինում է արտաքին թեքման, երբ գոյականին ավելանում են վերջավորություններ, և ներքին քեթման, եթե փոփոխությունը տեղի է ունենում բառի ներսում:

ա) Արտաքին թեքում: Այս թեքման հոլովիչները կամ վերջավորություններն են` -ի, -ու, -վա, -ան, -ոջ, -ց (օրինակ` ծառի, այգու, ձմեռվա, մկան, քրոջ, Արամենց):

բ) Ներքին թեքում:  Այս թեքման հոլովիչներն են` ա և ո (օրինակ` տուն-տան, մայր-մոր):

Պետք է նկատել, որ հայերենում կան բառեր, որոնք հոլովման այս ընդհանուր համակարգից շեղվում են: Այդպիսի բառերի հոլովումը կորչվում է այլաձև հոլովում: Բերենք մի քանի օրինակ` սեր-սիրո, աղջիկ-աղջկա, մահ-մահվան:

Դուստր, կայսր բառերը հիմնականում հոլովվում են ի-ով, սակայն կարող են հոլովվել նաև գրաբարյան ե ներքին հոլովմամբ` դստեր, կայսեր:

Որպես գրաբարյան քարացած ձևեր` որոշ կապակցություններում գործածվում են հուսո, լուսո, սգո, պատվո, հրո, գալստյան, ծննդյան, հանգստյան, կորստյան ձևերը:Ժամանակակից հայերենում այս բառերը ենթարկվում են ի հոլովման:

Աշակերտներին պետք է բացատրել, որ հաճախ միևնույն բառը կարող է արտահայտվել տարբեր հոլովաձևերով և պատկանել այս կամ այն հոլովման:Այդպիսի երևույթն կոչվում է հոլովական զուգաձևություն: Օրինակ` 

ան/ի ծագում-ծագման//ծագումի, ծունկ-ծնկան//ծնկի, 

ու/ի այրի-այրու//այրիի,   Մեղրի-Մեղրու//Մեղրիի

վա/ի օր-օրվա//օրի, ժամ-ժամվա//ժամի

ոջ/ի սկեսուր-սկեսրոջ//սկեսուրի

յան/ի գալուստ-գալստյան//գալուստի

Նման զուգաձևություններ կարող են առաջանալ նաև բացառական, գործիական հոլովաձևերում: Օրինակ` 

ուց/ից Մեղրի-Մեղրուց, Մեղրիից, Քենեդի-Քենեդուց, Քենեդիից

բ/ով ծագում-ծագմամբ, ծագումով, շարժում-շարժմամբ, շարժումով

Ու հոլովման պատկանող մի շարք բառեր, որոնք վերջանում են ի-ով, գործիականում ի վերջնահնչյունը կարող են երբեմն պահպանել, երբեմն` ոչ, ինչպես` այգի-այգով//այգիով, ոսկի-ոսկով//ոսկիով:

Կարևոր է նաև, որ աշակերտները իմանան և միշտ հիշեն, որ գոյականի հոլովումը որոշում ենք տվյալ գոյականի եզակի թվով: 

Հետո ուսուցիչը տալիս է դասարանական առաջադրանք գոյականի հոլովումների վերաբերյալ: 

Առաջադրանքը ստուգելուց հետո ուսուցչուհին կատարում է անդրադարձ: Այնուհտև տրվում է տնային հանձնարարություն դասագրքից: 

Վերջին 5-7 րոպեն տրամադրվում է բառ-թելադրությանը:

Կատարվում է գնահատում: