Սիրելի՛ աշակերտներ։

Դուք սկսում եք ուսումնասիրել ձեզ համար նոր՝ <<Բնագիտություն>> առարկան։

Ձեզանից շատերը հավանաբար տեսել են արևածագը, անձրևից հետո հայտնվող ծիածանը, վախեցել ամպրոպից ու կայծակից,ուրախացել ձյան գալով, նկատել հողի ճաքճքումը տապից, լսել թռչունների ծլվլոցը, սպասել մրգերի հասունացմանը։

Դժվար թե գտնվի մեկը, ով չհետաքրքրվի այս երևույթներով, չփորձի հասկանալ, թե ինչպես և ինչու են դրանք տեղի ունենում և ինչ դեր են կատարում մարդու կյանքում։

Այս ամենը տեղի է ունենում մի զարմանահրաշ աշխարհում, որը մենք անվանում ենք բնություն։ Դա մեզ շրջապատող լեռներն ու դաշտերն են, գետերն ու լճերը,բույսերն ու կենդանիները, ամպերը, Արեգակն ու աստղերը և ուրիշ շատ այլ մարմիններ։ 

Ուսումնասիրելով <<Բնագիտություն>> առարկան՝ դուք որոշակի պատկերացումներ կունենաք բնության տարբեր մարմինների, դրանք կազմող նյութերի, տիեզերքի և Արեգակնային համակարգի կառուցվածքի, երկրագնդի տարբեր ոլորտների՝ ջրոլորտի, մթնոլորտ, քարոլորտի և կենսոլորտի, բնության մեջ ընթացող բազմաթիվ երևույթների և դրանց փոխադարձ կապերի մասին։


Բնությունն ամենաստեղծագործ վարպետն է: