Վերջացա՜վ…
Կյանքս մաշվեց, վերջացա՜վ.
Ինչ հույս արի` փուչ ելավ,
Ինչ խնդություն` վերջը ցա՜վ։

1890


Ա՛նց կացա՜ն…
Օրերս թռան, ա՛նց կացա՜ն.
Ախ ու վախով, դարդերով
Սիրտըս կերա՜ն, ա՛նց կացա՜ն։

1890


Ո՞ւր կորա՜ն…
Մոտիկներըս ո՞ւր կորա՜ն.
Ինչքան լացի, ձեն ածի`
Ձեն չի տվին, լո՜ւռ կորան։

1916, Հունիս


Ե՛տ չեկավ…
Գնա՜ց գնա՜ց, ետ չեկավ,
Անկուշտ մահին, սև հողին
Գերի մնաց, ետ չեկավ։

1916, Հունիս


Հիմի բացե՜լ են հանդես
Երգիչները իմ անտես
Ջա՜ն, հայրենի՛ ծղրիդներ,
Ո՞վ է արդյոք լսում ձեզ։

1916, Հունիս


Երկու դարի արանքում,
Երկու քարի արանքում,
Հոգնել եմ նոր ընկերի
Ու հին ցարի արանքում։

1917, Հունվարի 15


Առատ կլինի կինը արդ,
Կնկնի էգի գինը արդ,
Կբարձրանա նրա տեղ
Ազատ, անկախ կինը մարդ։

1917 Հունվարի 16


Մինչև էսօր իմ օրում
Մարդ չեմ տեսել ես շորում.
Մարդը մերկ է ու անինչ,
Սիրտ ունի լոկ իր փորում։

1917, Հունվարի 16


Ծով է իմ վիշտն, անափ ու խոր,
Լիքն ակունքով հազարավոր.
Իմ զայրույթը լիքն է սիրով,
Իմ գիշերը` լիքն աստղերով։

1917, Փետրվարի 9


Քանի՜ մահ կա իմ սրտում,
Թափուր գահ կա իմ սրտում.
Չէ՛, դու էլ ես մահացու.
Մահի ահ կա իմ սրտում։

1917, Նոյեմբերի 7


Կյանքից հարբած անցավոր,
Ահա դարձյալ անցավ օր,
Դու վազում ես դեպի մահ -
Մահը բռնում հանցավոր։

1917, Նոյեմբերի 10


Ե՛տ եկե՜ք…
Գարնան վարար գետ եկե՛ք
Անցա՜ծ օրեր, խի՛նդ ու սե՛ր,
Դարձե՜ք, իրար հետ եկե՜ք։

1917, Նոյեմբերի 11


Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Ըսկսում է ամեն օր։

1917, Նոյեմբերի 11


Ո՜վ իմանա` ո՛ւր ընկանք,
Քանի՛ օրվա հյուր ընկանք,
Սերն ու սիրտն էլ երբ չկա`
Կրա՜կ ընկանք, զո՜ւր ընկանք։

1917, Նոյեմբերի 30


Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,-
Վատը` լավ եմ տեսել ես։

1917, Դեկտեմբերի 24


Քանի՜ ձեռքից եմ վառվել,
Վառվել ու հուր եմ դառել,
Հուր եմ դառել` լույս տվել,
Հույս տալով եմ սպառվել։

1917, Դեկտեմբերի 24


Երազումս մի մաքի
Մոտս եկավ հարցմունքի.
― Աստված պահի քո որդին,
Ո՞նց էր համը իմ ձագի…

1917, Դեկտեմբերի 24


Մընացել է բերդը մեզ,
Հաղթանակի երթը մեզ.
Անց են կացել` ով կային,
Հիմի կգա հերթը մեզ։

1917, Դեկտեմբերի 26


Հոգիս` տանը հաստատվել -
Տիեզերքն է ողջ պատել.
Տիեզերքի տերն եմ ես,
Ո՞վ է արդյոք նկատել։

1917, Դեկտեմբերի 27


Ո՜նց է ժպտում իմ հոգին
Չարին, բարուն,― ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին։

1918, Հունվարի 4


Ի՜նչ ես թռչում, խև-դև սի՛րտ,
Հազար բանի ետև, սի՛րտ,
Ես ո՞նց հասնեմ հազար տեղ
Քեզ պես թափով, թեթև, սի՛րտ։

1918, Հունվարի 25


Իմ սո՜ւր, արթուն ականջում
Մի խոր էչն է միշտ հնչում,
Անհո՜ւն, անքո՜ւն կարոտով
Իրեն մոտ է ինձ կանչում։

1918, Հունվարի 26


Մի հավք զարկի ես մի օր.
Թըռա՜վ, գընաց վիրավոր։
Թըռչում է միշտ իմ մըտքում
Թևը արնոտ ու մոլոր։

1918, Փետրվարի 2


Լինե՜ր հեռու մի անկյուն,
Լինե՜ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն։

1918, Փետրվարի 2


Երկու շիրիմ իրար կից,
Հավերժական լուռ դըրկից,
Թախծում են պաղ ու խորհում
Թե` ի՜նչ տարան աշխարհքից։

1918, Փետրվարի 4


Ո՞վ է ձեռքով անում, ո՞վ,
Հեռվից անթիվ ձեռքերով.
- Ջա՜ն, հայրենի՛ անտառներ,
Դուք եք կանչում ինձ ձեր քով։

1918, Փետրվար


Աշնան ամպին ու զամպին,
Մոլոր նըստած իր ճըմբին,
Լոռու հանդում մի արտուտ
Նայում է միշտ իմ ճամփին։

1918, Փետրվար


Կըլթացնում են, արտորում
Արտուտները արտերում,
Թըռչում մանուկ հոգուս հետ,
Ճախրում, ճըխում եթերում։

1918, Հունիս