Բջջի բաժանումն ընկած է օրգանիզմի կառուցվածքային բաղադրամասերի ինքնավերարտադրման հիմքում: Տարբերում են հիմնականում բջջի բաժանման 2 եղանակ.

1) ամիտոզ,
2) միտոզ:

    Միտոզը էուկարիոտ բջիջների կիսման (բաժանման) հիմնական եղանակն է, որն ապահովում է մայր բջջի գենետիկական նյութի համաչափ բաշխումը 2 դուստր բջիջներում և քրոմոսոմների հաջորդականությունը մի շարք սերունդներում: տարբերում են միտոզի 4 փուլ.

1) պրոֆազ,
2) մետաֆազ,
3) անաֆազ,
4) թելոֆազ:

    Միտոզը բջջի բաժանման առավել կատարյալ, կենսունակ ձև է համարվում, որի դեպքում կորիզում և ցիտոպլազմայում տեղի են ունենում մի շարք միմյանց հաջորդող, կանոնավոր ու ներդաշնակ պրոցեսներ, որոնք ի վերջո բերում են բջջի գենետիկական նյութի հավասար բաշխմանը առաջացած դուստր բջիջների միջև: Վերոհիշյալ բոլոր պրոցեսներն ընթանում են միտոտիկ ցիկլի ընթացքում:
    Միտոտիկ ցիկլը կամ կենսական ցիկլը կամ բջջային ցիկլը այն ժամանակահատվածն է, որը սկսվում է բջջի բաժանումից և վերջանում նոր դուստր բջիջների առաջացումով: Բազմաբջիջ օրգանիզմներում բջջի կենսական ցիկլը տևում է դուստր բջիջների առաջացման պահից մինչև նրանց մահը: Բջջի միտոտիկ ցիկլում տարբերում են.

1) Ինտերֆազ կամ նախապատրաստական փուլ

Լատիներենից թարգմանաբար «ինտեր»- միջև, իսկ հունարենից՝ «ֆազիս»- շրջան բառերից: ինտերֆազը կենսական ցիկլի 2 բաժանումների միջև ընկած ժամանակահատվածն է, որի ընթացքում բջիջը նախապատրաստվում է բաժանման: Ինտերֆազում տարբերում են. 1. պրեսինթետիկ (նախասինթետիկ), 2. սինթետիկ,  3. պոստսինթետիկ (հետսինթետային) փուլեր:
1.Նախասինթեզի (պրեսինթետիկ) շրջանում բջիջն աճում է, սինթեզվում են ՌՆԹ, սպիտակուցներ, ԱԵՖ: Այս շրջանում բջջում պարունակվում է քրոմոսոմների դիպլոիդ հավաք (2n):
2.Սինթեզի շրջանում տեղի է ունենում ԴՆԹ-ի սինթեզ (ռեդուպլիկացիա): Այս շրջանից հետո քրոմոսոմների թիվը չի ավելանում, սակայն կրկնապատկվում է ԴՆԷ-ի քանակը:
3.Պոստսինթետիկ շրջանում, որի ընթացքում սինթեզվում են միտոտիկ իլիկի թելիկների համար անհրաժեշտ սպիտակուցներ, կրկնապատկվում են նաև ցենտրիոլները, կուտակվում է էներգիա:

2) Պրոֆազ 

   Միտոզի այս փուլում կորիզի ծավալը մեծանում է: ԴՆԹ-ի պարուրման ու հաստացման հետևանքով նրանում սկսում են երևալ հաստ թելիկներ՝ քրոմոսոմներ: Այս պրոցեսներին զուգընթաց դադարում է գենետիկական ինֆորմացիայի գրանցումը՝ տրանսկրիպցիան, հետևապես նաև սպիտակուցի սինթեզը: Աստիճանաբար դադարում է բջջի ֆունկցիոնալ ակտիվությունը: Պրոֆազի վերջում նկատվում է, որ յուրաքանչյուր քրոմոսոմ կազմված է 2 երկայնակի իրար միացած կեսերից՝ քրոմատիդներից: Քրոմոսոմները խառը կերպով դասավորված են բջջի կենտրոնում: Աստիճանաբար անհետանում է կորիզակը, լուծվում է կորիզային մեմբրանը և բջջային կենտրոնը կիսվում է և ցենտրիոլները շարժվում են դեպի հակառակ բևեռներ, իսկ այնուհետև ձևավորվում են աքրոմատինային թելիկները, այսինքն բաժանման իլիկ:

2) Մետաֆազ

   Այս փուլում քրոմոսոմների պարուրումը և հաստացումը ավելի լավ է արտահայտվում, նրանք տեղաշարժվում են բջջի հասարակածային շրջան, առաջացնելով հասարակածային թիթեղիկ: Դրա հետ միասին քրոմոտիդների կապը ավելի է թուլանում և նրանք միմյանց միանում են միայն սեղմվածքի շրջանում, բացի այդ՝ ցենտրիոլներից սկսող աքրոմատինային թելերը միանում են քրոմոսոմների ցենտրոմերներին, իսկ դրանցից ոմանք ձգվում են մի բևեռից դեպի մյուսը:

3) Անաֆազ

   Այնուհետև յուրաքանչյուր քրոմոսոմի քրոմատիդներն առանձնանում են ցենտրոմերի հատվածում, և երկու քրոմատիդները վերածվում են ինքնուրույն դուստր քրոմոսմների: Այս փուլում՝ անաֆազում, իլիկի թելիկներըքրոմոսոմների վերածված քրոմատիդներին ձգում են դեպի բևեռներ, իրարից հեռանում են բևեռները:

4) Թելոֆազ 

   Բևեռներում հավաքված քրոմոսոմները ապապարուրվում են և միահյուսվում: Ձևավորվում են կորիզաթաղանթըև կորիզակները, վերականգնվում են կորիզները: Բջջի հասարակածային մասում կազմավորվում է նոր պլազմային թաղանթ, որը ձգվում է դեպի բջջի եզրերը: Նախնական բջիջը կիսվում է 2՝ ավելի փոքր դուստր բջիջների, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է քրոմոսոմների մեկ դիպլոիդ հավաքակազմ: