Վերջին տասնամյակներում ավելի նկատելի է դարձել շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ հիմնահարցերի շուրջ աճող հետաքրքրությունը: Այդ հիմնահարցերի արդիականությունն այն է, որ շրջակա միջավայրը անտրոպոգեն գործունեության հետևանքով ենթարկվում է փոփոխության, այսինքն` արդյունաբերության, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության և կենցաղի քիմիացումը, քաղաքների արագ աճը, կենցաղային և արդյունաբերական թափոնների ավելացումը հանգեցրեցին շրջակա միջավայրի աղետալի աղտոտման, արդյունաբերական թունավորման, հոգևոր աղտոտման, ռեսուրսների փաստական անբավարարության և այդ ամենից բխող մարդկությանն սպառնացող այլ պատուհասների ու ճակատագրական հետևանքներիՇրջակա միջավայրի ոչ բարենպաստ փոփոխությունը անհանգստացնում է ոչ միայն մասնագետներին այլև հանրությանը, քանի որ առկա էկոլոգիական ճգնաժամն արդի ժամանակաշրջանի կարևորագույն հիմնախնդիրն է, որն ունի էկոլոգիական, տնտեսական, իրավաբանական, քաղաքական և այլ հայեցակետ: Այսօր էկոլոգիա բառը դարձել է արդիական: Դրա մասին խոսում են առօրյա զրույցների ժամանակ, հեռուստատեսությամբ, խորհրդարանական լսումներին, մամուլում:

         Էկոլոգիական բժշկագիտություն, գիտության ճյուղ, որն ուսումնասիրում է շրջակա միջավայրի ազդեցությունը մարդու առողջության վրա՝ հատուկ ուշադրություն դարձնելով միջավայրի հիվանդածին գործոններին: Էկոլոգիական բժշկագիտությունն առաջացել է վերջին ժամանակներում՝ մարդու կենսաբանություն և բժշկագիտություն բաժիններից անկախ, ներառում է քիմիայի, ֆիզիկայի, սոցիոլոգիայի բաժիններ և տարբեր արտադրական տեխնոլոգիաներ, ուսումնասիրում է որոշակի գործոնի ազդեցության չափը և հետևանքները մարդու առողջության վրա