Դասընթացը նպատակ ունի  ներկայացնելու Վիքիպեդիայի՝ ազատ հանրագիտարանի գործունեությունը, որը կրթող և դաստիարակող է: Այն  գրվում է միասնական ուժերով և ունի համատեղ ջանքերով կառուցվող կայքի ձևաձափ, որը կոչվում է վիքի։ Աշխարհի բոլոր երկրներից տասնյակ հազարավոր մարդիկ անընդհատ բարելավում են Վիքիպեդիան՝ խմբագրելով, սրբագրելով և նոր հոդվածներ գրելով։ Դասի արդյունավետությունը բարձրացնելու, սովորողներին խորը և կայուն գիտելիքներով զինելու համար կարևորվում է նաև Վիքիպեդիան որպես կրթական գործիք օգտագործելը։

Ջիմմի Ուելսը վիքիպեդիայի մասին ասել է․<<Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ  մարդկության ողջ գիտելիքները ազատ հասանելի են յուրաքանչյուրին>>։ 

Մենք դասընթացի միջոցով հնարավորություն կունենանք ծանոթանալու այդ գեղեցիկ, անակնկալներով ու գիտելիքների հարուստ պաշարով  լի աշխարհին, որի հետ շփումը մեծ բավականություն է։

Վիքիպեդիա նախագծի առաքելությունն ազատ բովանդակության ստեղծումն ու տարածումն է։ Դա նշանակում է, որ հանրագիտարանի նյութերը կարող է օգտագործել ցանկացած անձ, ցանկացած եղանակով և նպատակով։

Վիքիպեդիան օգնում է կրթության բարելավմանն ու գիտելիքների հարստացմանը նաև այն ժամանակ, երբ մենք հանդես ենք գալիս ոչ թե որպես վիքիպեդիայում կուտակված նյութերի սպառողներ, այլև որպես հոդվածների ստեղծողներ։

Այժմ Հայաստանում ստեղծվել են վիքիակումբներ, որոնց աշխատանքներին մասնակցող աշակերտները կարողանում են հարստացնել իրենց գիտելիքները խմբագրելով, այլ լեզուներից թարգմանություններ կատարելով։

Դասընթացի նպատակը նաև Վիքիպեդիայի քույր նախագծերին ծանոթացնելն է, քանի որ նրանք նույնպես շատ կարևոր են որպես կրթական գործիք: 

Ներկայացվում է նաև Հայաստանում ստեղծված վիքիակումբների գործունեությունը, որպեսզի դրանք նույնպես հետաքրքրություն առաջացնեն Վիքիպեդիայի և քույր նախագծերի նկատմամբ և խթան հանդիսանան կրթության և գիտության զարգացման համար:

Դասընթացը սովորեցնում է սեփական ներդրումն ունենալ հայերեն Վիքիպեդիայի զարգացման մեջ: Ուսանողները ձեռք կբերեն հմտություններ և կկարողանան  ստեղծել հոդվածներ, քանի որ հոդվածներ գրելը նույնպես կրթող և զարգացնող է: