Հովհաննես Թումանյան,կտավ 1956, յուղաներկ:

Թումանյանի, որպես հայ ժողովրդի մեծ բանաստեղծի, ստեղծագործության մեջ իրենց ծանրակշիռ տեղն ունեն նրա հայրենասիրական բանաստեղծությունները, որոնցում շոշափվել է հայ ժողովրդի քաղաքական բախտի հարցերը, բայց և թախծել նրա դառը կյանքի համար:

Թումանյանը աչք է բացել և տեսել իր սիրելի ժողովրդի անազատ, ծանր աղետներով լի կյանքը: Հովհաննես Թումանյանն այն հանճարներից է, ովքեր դիմագիծ են տալիս իրենց ծնող ժողովրդին: <<Ամենայն հայոց բանաստեղծը>> իր ստեղծագործություններում անկրկնելի արվեստով արտահայտել է հայ ժողովրդի բնավորությունը, հոգեբանությունը, մտածելակերպը, նվիրական իղձերն ու գեղեցիկի ձգտումը, աշխարհի մասին պատկերացումները: Իր գեղջուկ հերոսների մեջ էլ նա հայտնաբերել է հավերժ մարդկային ու ընդհանրական հատկանիշներ՝ հաստատելով այն ճշմարտությունը, որ արվեստում ու գրականության մեջ համամարդկայինն ստեղծվում է ազգայինի միջոցով:

Թումանյանի մեծության, ստեղծագործության խորքի և լայնահունության մասին իմաստուն տողեր է գրել Եղիշե Չարենցը.

  Նա մեծ էր ավելի, քան եղավ:-Երկնքի նման ընդարձակ, օվկիանի նման՝ իր ոգին ընդգրկել էր կյանքը անեզր:

Թումանյանի քնարերգության բարձրակետը նրա հայրենասիրական բանաստեղծություններն են, որոնց մեջ խտացման ու բյուրեղացման են հասել և՛ հայոց պատմական ճակատագրի ու ներկայի նկատմամբ հեղինակի վերաբերմունքը, և՛ ապագայի մասին ակնկալիքները: Թումանյանին մշտապես զբաղեցրել են հայոց պատմական ճակատագիրն ու ապագայի հարցը: Նա գրել է.  <<Իմ սրտին շատ է ծանրոնում էս ժողովրդի ճակատագիրը, նրա պատմությունը, էն սոսկալի դրաման, որ կոչվում է հայոց պատմություն, ու էնտեղից են բխում նրա գործերի վրա եղած իմ հայացքն ու մտածմունքը>>:

Եվ ահա նրա քնարի լարերից հնչում են <<դառը հեծության հառաչանքները>>.

Հայոց վիշտը անհուն մի ծով,

Խավար մի ծով ահագին,

Էն սև ծովում տառապելով,

Լող է տալիս իմ հոգին:

Հայոց վիշտը հայ ժողովրդի, հետևաբար, բանաստեղծի վիշտն է, որը նա համեմատել է <<անհուն ծովի>> հետ, իսկ իրեն համարել է <<Էն սև ծովում տառապող>>, տվայտվող հոգի:

Հակառակ ժողովրդի տառապանքների ծանրությանը՝ հույսը, պայծառ ապագայի հավատը երբեք չի լքել բանաստեղծին. նրա  գործերում ամենաթանձր թախիծը միշտ էլ ուղեկցվել է լավատեսությամբ՝ իր ժողովրդի  պայքարի հաղթանակի նկատմամբ: Թումանյանը ընդհանրացման բացառիկ ուժով տվել է հայոց դարերի բանաստեղծական խտացված պատկերնեը իր <<Հայոց լեռներում>> ստեղծագործության մեջ:

Խավար գիշեր է եղել մեր ժողովրդի ճամփան, և նա երկար դարերով, դժվարին վերելքով առաջ է գնացել <<Հայոց դժվար լեռներում>>: Աղետներով լի է այդ ճանապարհը, քանի որ <<շեկ անապատի օրդուները>> հանգիտ չեն տալիս նրան, և ճողովուրդը կոտորվում է, դառնում <<հատված-հատված>>, սակայն իրեն չի կորցնում, շարունակում է վերելքի ուղին: Թումանյանն ընդգծում է ժողովրդի անընկճելի ոգին: Նա դժվարին երթի ընթացքում անգին գանձեր է ստեղծում, խոցվում է, ողջակիզվում, բայց այդ գանձերը տանում է իր հետ որպես մեծագույն սրբություն:

Սակայն ի՞նչ է լինելու այդ դժվարին վերելքի վախճանը:

Եվ ստեղծագործության վրա իր կենսատու լույսն է սփռում հեղինակի անխախտ հավատը ժողովրդի պայծառ գալիքի նկատմամբ, և խոր թախիծով ստեղծված ստեղծագործությունն ավարտվում է լավատեսությամբ:

Երկնքի ծերին հայացքը հառած բանաստեղծը հավատով հարց է տալիս, թե երբ կբացվի պայծառ առավոտ.

Հայոց լեռներում,

Կանաչ լեռներում:

Բանաստեղծը իր ժողովրդի հետ է միշտ և ամենուրեք: Այդ իսկ պատճառով նրա հայրենասիրական երգերը կազմում են 20-րդ դարի սկզբի հայ ազգային կյանքի նշանաձողերը:

Հայոց մեծ բանաստեղծն ապրում է, իր ժողովրդին վիճակված մեծագույն աղետը՝  1915թ. Մեծ եղեռնը: Բանաստեղծը լինում է Արևմտյան Հայաստանի աղետի վայրերում և անմար կսկիծով պատկերում հայրենիքի ավերվածությունն ու կոտորածը: Եվ իր <<Հոգեհանգիստ>>  բանաստեղծությամբ հայրենիքի օրենքով       <<վերջին հանգիստն է կարդում>> ազգի դժբախտ զոհերին՝  որպես կերոններ վառելով մեր աշխարհի բարձրագահ լեռներն,  ու համազգային վշտին  ողբերգակից դարձնում հայրենիքի գետերը՝ Եփրատն ու Տիգրիսը.

Աջիցս Եփրատ, ձախիցս Տիգրիս ահեղ ձեներով:

Սաղմոս կարդալով՝ անցան գնացին խոր-խոր ձորերով…

Բանաստեղծը իր մեջ ուժ գտնելով, կարողանում է պահպանել հոգու արիությունը և նզովքի խոսք ասել անարդար աշխարհի տերերի հասցեին, որոնք օրհասական վիճակի հասցրին իր ժողովրդին:

<<Մարդակեր գազան մարդը>> արտահայտության մեջ խտացված է արդարության ջատագով բանաստեղծի անողոք դատավճիռը արյունոտ աշխարհի նկատմամբ…

<<Կանգնեցի…մենակ ու հարազատ Մասիսի նման…>>:

Թումանյանն իր հայրենասիրական երգերը պսակեց արհավիրքի օրերին գրած <<Հայրենիքիս հետ>> մարգարեաշունչ բանաստեղծությամբ: Կա անմար կսկիծ այս բանաստեղծության մեջ՝ ավերված, <<զարկված ու զրկված>>, <<ողբի ու որբի>> հայրենիքի նկատմամբ:  Սակայն կա նաև խորունկ խորհրդածություն հայ ժողովրդի ապագայի մասին:

Ծանր հարված է ստացել, բայց չի դադարել ապրել հայրենիքը, դեռ ավելին, ինչպես հեղինակն է նշում.

Բայց հին ու նոր վերքերով կանգնել ես դու կենդանի,

Կանգնել խոհուն խորհրդավոր,

Ճամփին հին ու նորի..

Խորհում ես դու էն մեծ խոսքը, որ պիտ ասես աշխարհին

Ու պիտ դառնաս էն երկիրը,

Ուր ձգտում է ձեր հոգին…

Թումանյանի հայրենասիրությունը ազգային շրջանակներում չի պարփակվել: Այդ գաղափարը նրա պոեզիայում սերտորեն առնչվել է ժողովուրդների բարեկամության, հումանիզմի վեհ գաղափարների հետ: Այդ է պատճառը, որ իր մի շարք ստեղծագործություններում հաշտության, ժողովրդի համերաշխության կոչ է անում: